YerevanFest Logo

ՓԱՌԱՏՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ

Փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյան

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հետխորհրդային շրջանի այն կոմպոզիտորներից է, ում գործեր են պատվիրել այնպիսի մենակատարներ և անսամբլներ, ինչպիսիք են Օլեգ Կոգանը, Յուրի Բաշմետը, Լոնդոն Սիմֆոնիետան։ Շոտլանդական արվեստի խորհուրդը չորս անգամ ֆինանսավորել է Ստեփան Ռոստոմյանի պատվերները և յուրաքանչյուր պրեմերիա կամ կատարում որակել է որպես սենսացիոն հաջողություն։ Նրա ստեղծագործություններից շատերը, ըստ ամերիկյան “Leonardo” ամսագրի հայտնի են դարձել Արևմուտքում։ Նրա ստեղծագործություններից «Հրեշտակի տաղ», տաղերի եռյակ (հայկական միջնադարյան հոգևոր երաժշտության ձև) բազմիցս կատարվել է Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում և արժանացել բարձր գնահատանքի։ Ստեփան Ռոստոմյանը ստեղծագործել է մի շարք ներկայացումների և ֆիլմերի համար։ Նա հանդիսանում է հայկական երաժշտության և մշակույթի դեսպան՝ վերջինս ներկայացնելով արտերկրում տարբեր դասախոսությունների, կոնֆերանսների ժամանակ։ 1989 թվականին Ստեփան Ռոստոմյանը հրավիրվել է աշխատելու Գլազգոյի համալսարանի էլեկտրո ակուստիկ ստուդիայում։ Հետագայում այդ փորձը բերել է Հայաստան՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացելով էլեկտրոնիկ երաժշտության բաժին։ Ստեփան Ռոստոմյանը լավագույն 500 առաջատար կոմպոզիտորներից է, ում աշխատանքները ներառված են «Ժամանակակից կոմպոզիտորներ» տեղեկատվական հանդեսում: