YerevanFest Logo

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Հարգելի բարեկամներ,

Մեզ բոլորիս կրկին հավաքել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը: Այս անգամ հանդիպման վայրը Եվրոպայի երաժշտական մայրաքաղաք Վիեննան էր՝ իր հիասքանչ Մյուզիքֆերայն համերգասրահով: Համեգաշարի մեկնարկը տրվեց մարտի 5-ին Երուսաղեմում՝ Հենրի Քրաուն դահլիճում Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգով: Դրան հաջորդեցին համերգները Տալինի Սբ. Հովհաննես եկեղեցում (մարտի 12), Բրյուսելի Բոզաղ համերգասրահում (ապրիլի 26), Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում (մայիսի 26), Լոնդոնի Կադոգան համերգասրահում (հուլիսի 21), Հռոմի Սանտա Չեչիլիա համերգասրահի Սինոպոլի դահլիճում: Համերգներին մասնակցեցին աշխարհի հեղինակավոր երաժշտական կոլեկտիվներ ու մենակատարներ, ինչպես, օրինակ՝ Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբն ու «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, Բելգիայի ազգային նվագախումբը (դիրժոր Ջորջ Փեհլիվանյան), Մաքսիմ Վենգերովը (ջութակ), Միշա Մայսկին (թավջութակ), Սերգեյ Նակարյակովը (շեփոր), դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր երգչախումբը», Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Պինխաս Ցուկերման), «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Դանիել Հարդինգ) և դաշնակահար Ալեսսանդրո Տավերնան: Համերգաշարի ընթացքում հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի և Մաքս Բրուխի, Ֆրեդերիկ Շոպենի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Մեծն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Սիրելի բարեկամներ, սա համերգաշարի վերջին՝ թվով 7-րդ համերգն է, որին կրկին մասնակցում են անվանի երաժիշտ կատարողներ և նվագախմբեր. Միշա Մայսկի (թավջութակ), Լիլի Մայսկի (դաշնամուր), Սաշա Մայսկի (ջութակ), Կամերատա Զալցբուրգ (դիրիժոր Ջորջ Փեհլիվանյան), Զալցբուրգի Բախի երգչախումբ, հայ անվանի մենակատարներ Լիաննա Հարությունյան (սոպրանո), Վարդուհի Խաչատրյան (ալտ), Հովհաննես Այվազյան (տենոր), Բարսեղ Թումանյան (բաս), Էմանուել Ճգնավորյան (ջութակ), Նարե Արղամանյան (դաշնամուր): Կցանկանայի շնորհակալության խոսքեր ուղղել համերգաշարի բոլոր մասնակիցներին՝ նախագծին մասնակցելու համար: Այն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ստեղծագործական մտավորականությունը, աշխարհի առաջադեմ հանրությունը դեմ է բռնության ցանկացած դրսևորման և պատրաստ է միասնաբար հանդես գալ մեր երկիր մոլորակում խաղաղության պահպանման համար: Համերգաշարը մշակութային երկխոսության յուրօրինակ կամուրջ դարձավ, որը, կարծում եմ, կունենա իր արժանի շարունակությունը այլ ծրագրերում, այլ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ բոլորիդ բարօրություն և կապույտ երկինք:

Թող երաժշտությունը մշտապես թևածի Ձեր սրտերում և ջերմացնի Ձեր սրտերը:

ՀՀ մշակույթի նախարար` Հ. Պողոսյան

2015 ՆՈՅԵՄԲԵՐ 07

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, ձերդ գերազանցություններ,

Հայաստանի պատմության մեջ բեկումնային եղավ խորհրդային միության փլուզումը: Այն իր հետ բերեց ենթակառուցվածքների և մտածողության կորդինալ փոփոխություններ: Նախկին տարիների կոնցեպցիաները որոշ դրական, բայց նաև բացասական դրսևորումներով, ենթադրում էին արվեստի զարգացումը անհատ մարդկանց կողմից նախապատրաստված հունով և սահմանափակ հորիզոնով՝ անհաղորդ համաշխարհային մշակութային համակարգին:

Համակարգի փլուզումից հետո բացվեցին հնարավորություններ` շփման և համագործակցության համար, սակայն միևնույն ժամանակ բարդ էր, որովհետև բաց էր ճանապարհը և դժվարին՝ խնդիրը ինտեգրման արդեն հարյուրամյա փորձ և լայն հնարավորություններ ունեցող երկրների հետ:

Մեր առջև դրվեց գրեթե անհնարին թվացող մի նպատակ և ցանկություն` այն էր, շատ կարճ ժամանակում ինտեգրվել և վերացնել այդ ահռելի բարիերը: Եվ ոչ միայն դա, այլ հավասարազոր երաժշտական կյանքի որակ ապահովել Երևանում՝ դառնալով համաշխարհային քարտեզի վրա հայտնի երաժշտական մշակույթի և կրթության կենտրոններից մեկը:

Հայաստանը հազարամյակների պատմության ընթացքում եղել է բարձրագույն մշակութային արժեքների կրողն ու ստեղծողը, և երկրի վայելուչ ներկայությունն ու ներդրումը չէր կարող ավելի պակաս լինել 21-րդ դարի արդի երաժշտական կյանքում:

Հիմնադրվեց ‹‹Քսանմեկի հեռանկարներ›› անունը կրող երաժշտական փառատոնը` դառնալով Հայաստանի նորագույն պատմության առաջին արվեստի փառատոն: Քսանմեկը` դարաշրջանն է, իսկ հեռանկարները` այն, որ մարդկության ապագան նոր դարաշրջանում մենք տեսնում ենք միայն մշակութային ինտեգրման և առանց սահմանների համագործակցության մեջ` հիմնված համամարդկային արժեքների վրա:

‹‹Քսանմեկի հեռանկարներ››-ը, տաս տարի անց վերանվանվելով ‹‹Երևանյան հեռանկարներ››-ի, համարվեց Եվրոպայի և ողջ աշխարհի լավագույն փառատոներից մեկը, որի գեղարվեստական որակը ոչ միայն տպավորիչ էր, այլև՝ զարմանալի. փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես եկան և, ընդհանրապես, այս տարածաշրջան երբևէ առաջին անգամ այցելեցին մեր օրերի գրեթե բոլոր առաջատար նվագախմբերը և մենակատարները, որոնց թվում են Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Ամստերդամի թագավորական Կոնցերգեբաու նվագախմբերը, Բեռլինի պետական նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժորներ Լորին Մաազելը, Դանիել Բարենբոյմը, Վալերի Գերգիևը, Մայքլ Թիլսոն Թոմասը, նաև Պինխաս Ցուկերմանը, Պլասիդո Դոմինգոն, Քշիշտոֆ Պենդերեցկին, մենակատարներ` Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Եֆիմ Բրոնֆմանը, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Քրոնոս, Տոկիո, Հագեն քառյակները այլ լավագույն մենակատարների, երգչախմբերի, լարային կվարտետների, անսամբլների և նվագախմբերի շարքում:

‹‹Երևանյան հեռանկարներ››-ը 2009 թվականից անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Այսօր, երբ արդեն 16 տարի է անցել անհավանական թվացող գաղափարն իրականացնելուց, տեսանելի է անջրպետի վերացումը: Այժմ մենք վայելում ենք մշակութային քաղաքականության հզոր հնարավորությունների արդյունքները, որոնք շատ անգամ առավել արդյունավետ են, քան քաղաքական բանակցությունները: Ուստի, կոնֆերանսի կարգախոսը` ‹‹Մշակութային քաղաքականություն, քաղաքականությունը մշակույթի համար››, կարելի է վստահորեն շարունակել ասելով` ‹‹Մշակույթը քաղաքականության համար››: Փառատոնը 2007 թվականից հանդիսանում է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ, որը հայտնի է իր լայնածավալ միջազգային գործունեությամբ: Ասոցիացիան համախմբել է շուրջ հարյուր առաջատար փառատոների, որոնց գործունեության արդյունքում Եվրոպան շարունակում է հպարտորեն կրել ‹‹Եվրոպան մշակութային կառույց է›› նշանաբանը:

Արդեն երկու տարի ի վեր` փառատոնն իր աթոռն ունի Բրյուսելում տեղի ունեցող կլոր սեղանի շուրջ` կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով եվրակոմիսարի և մեկ տասնյակ առաջատար փառատոների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու մշակութային քաղաքականության հարցերը` ի շահ մշակութային, կրթական, հասարակական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների զարգացման: Մշակույթն է ստեղծում կիրթ միջավայր` նոր սերնդի լիդերների ծնունդի համար և տնտեսական չափանիշներից առավել մշակութային հզորությամբ է կերտվում երկրի միջազգային հեղինակությունը:

Խոշոր փառատոներին բնորոշ՝ ‹‹Երևանյան հեռանկարներ››-ը բացեց փառատոնի ակադեմիան՝ Երևանից շուրջ 33 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտներին գտնվող Բյուրական համայնքում: Այստեղ դասավանդելու են մոլորակի ամենաանվանի երաժիշտ-դասախոսները: Այն յուրահատուկ շփման վայր է երիտասարդ, նաև կայացած երաժիշտների և ստեղծագործող արվեստագետների համար: Միջազգային նշանակության այս կառույցը միակն է տարածաշրջանում: Այն միջազգային բարձր որակի երաժշտական կրթության և կարիերայի առաջընթացի հնարավորություններ կստեղծի խոստումնալից երիտասարդների համար աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակից տաղանդաշատ գործընկերների և աշխարհահռչակ երաժիշտների հետ սերտ շփման և համատեղ աշխատանքի արդյունքում: Առանձնահատուկ գոհունակությամբ ենք նշում այն, որ փառատոնի ակադեմիայի կայացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը Փյունիկ հիմնադրամի հետ համատեղ: Առաջիկայում կձևվավորվի նաև փառատոնային ակադեմիայի նվագախումբը միջազգային կազմով` անվանի դիրիժորների ղեկավարությամբ և կբացվի 1000 տեղ ունեցող նոր համերգասրահը: Բյուրականը ինքնին ակադեմիական և հոգևոր կրթության համար իդեալական վայր է. այստեղ է գործում հայտնի աստղաֆիզիակական աստղադիտարանը, կան 4-րդ դարից սկիզբ առնող բազմաթիվ սրբավայրեր, Հայոց կաթողիկոսների ամառային նստավայր և հնագույն եկեղեցիներ:

Փառատոնի այս տարվա՝ 16-րդ թողարկման ծրագիրը ևս տպավորիչ է. Հայաստանում հանդես են եկել Եվգենի Կիսինը, աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան, անվանի բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, ամերիկյան լեգենդար Քրոնոս քառյակը: Առաջիկայում Հայաստան կժամանի Իսրայելի ֆիլհարմոնիկ

նվագախումբը` երաժշտական տնօրեն և դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ, Միշա Մայսկին, Մարթա Արգերիխը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Academy of Saint Martin in the Fields նվագախումբը` Ջոշուա Բելի հետ:

Մշակութային բարձր արժեքների և ապագայի ծրագրերի մասին խոսելիս չենք կարող չհիշատակել, որ 2015 թվականը Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին է, որը արդեն հստակ դիրքորոշում է պահանջվում բոլորից: Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը բնորոշ է քաղաքակիրթ և առաջադեմ մարդկությանը: Փառատոնի մեծ հեղինակությունը առիթ հանդիսացավ, որ աշխարհի ամենահեղինակավոր բեմերից, աշխարհահռչակ երաժիշտները հիշատակի համերգներ կազմակերպեն տարելիցի առիթով: Մեգա աստղեր Եվգենի Կիսինը, Մաքսիվ Վենգերովը, Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Միշա Մայսկին, առաջատար նվագախմբեր, դիրիժորներ և մենակատարներ, Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում, Բրյուսելի Բոզարում, Վիեննայի Մյուզիքվերայնում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Երուսաղեմում, Լոնդոնում, Հռոմում և այլուր ասում են. ‹‹Քեզ, հետ Հայաստան››: Ավելի հստակ ասում են, որ արդարության, խաղաղության և թշնամության վերացման կողքին են: Մեր փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի դիրքորոշումն է, որ չկան լավ կամ վատ ազգեր, այլ կան չարությամբ լցված և մարդատյաց առաջնորդներ, որոնք իրականցում են այդ սարսափելի ոճիրները: Խաղաղության գրավականը` դա նախկինում գործած սխալների ընդունելն ու ճանաչելն է:

‹‹Երևանյան հեռանկարներ›› փառատոնը, հանդիսանալով կամուրջ այլ երկրների առաջատար մշակութային գործիչների և կազմակերպությունների միջև, համատեղ աշխատանքի շնորհիվ ջանում է փոխանցել միջազգային հանրությանը հողարդագրություն, որ մարդկության ապագան խաղաղ գոյատևման, հանդուրժողականության և համագործակցության մեջ է, իսկ ամենահզոր միջոցը գաղափարը կյանքի կոչելու համար` մշակութային դիվանագիտությունն է: Երևի թե քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում երբևէ մշակութային դիվանագիտության դերը այդքան կարևոր և կենսական չի եղել մեր կյանքում, որքան այսօր:

Այս տարվա հունիսին Չեխիայի Օստրավայում կայացած Եվրոպական փառատոնային ասոցիացիայի գագաթնաժողովին ընդունվեց մի կարգախոս. այսպիսի ասացվածք կա. ‹‹Դու այն ես ինչ, ուտում ես››: Գեղարվեստական ձևաչափ տեղափոխելով այն՝ կարծում ենք, որ ստեղծագործելը կերակուր է հոգու համար և լավագույն ձևը ասելու, թե ով ես դու և ինչն է թանկ քեզ համար` դա արտիստիկ նպատակները ներկայացնելն է, որոնց միջոցով ուրախությամբ լինում ես աշխարհի մի մասնիկը:

Մենք սիրով ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված այս կոնֆերանսի մասնակցիներին և հույս հայտնում, որ այսուհետ առավել մեծ թափ կստանա Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաղափարական արժեքները կիսող երկրների միջև համագործակցությունը:

2015 ՀՈՒԼԻՍ 13

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Փառատոնի շրջանակներում իր այցերից մեկի ժամանակ Քշիշտոֆ Պենդերեցկին ցանկություն էր հայտնել գրել ստեղծագործություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Եվ ահա, ‹‹Քեզ հետ, Հայաստան›› համերգաշարի ընթացքում Քարնեգի հոլ համերգասրահում 2015 թվականիի մայիսի 26-ին տեղի ունեցավ համաշխարհային պրեմիերա. ‹‹Հովեր›› երգչախումբը կատարեց Քշիշտոֆ Պենդերեցկու նոր գրված ստեղծագորությունը:

2015 ՄԱՅԻՍ 26

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

«Փառատոնային ընթերցումները» դասախոսությունների շարք է, որն ուղղված է փառատոնային կառավարման առանձնահատկությունների ծանոթացմանը նախաձեռնված Եվրոպական փառատոնային ասոցիացիայի կողմից 2013 թվականի ապրիլից։ Վերջինս նպատակ ունի մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում: Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները ծանոթացրեցին փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կիսվեցին իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով: ‹‹Երևանանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպեց երրորդ Փառատոնային ընթերցումները 2015 թվականի ապրիլի 11-ից 13-ը ‹‹Բյուրական›› արվեստի ակադաեմիայում: Դասընթացի խոսնակներն էին Հուգո Դե Գրիֆը (Բելգիա, Եվրոպական փառատոնային ասոցիացիայի «Փառատոնային ակադեմիայի» համահիմնադիր), Նելե Հերթլինգը (Գերմանիա, Բեռլինի արվեստի ակադեմիայի փոխնախագահ), Փոլ Շեֆֆերը (Հոլանդիա, Ամստերդամի և Թիլբուրգի համալսարանների եվրոպագիտության պրոֆեսոր) և Փեթեր Ինկեին (Հունգարիա, Բուդաշետի աստղադիտարանի տնօրեն):

2015 ԱՊՐԻԼ 13

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Բյուրականում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը 03.04.2015-ին պաշտոնապես բացեց ‹‹Բյուրական›› արվեստի ակադեմիան: Այն միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր և համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար: Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, «Բյուրական» արվեստի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանի, դաշնակահար Եվգենի Կիսինի, տարածքային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց են կատարել նորակառույց ակադեմիայում, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին, ծրագրերին, այնուհետև ունկնդրել են տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ տեղի ունեցած համերգը: Այդ պատանիներին փառատոնն արդեն ընգրկել է միջազգային մեծ բեմերում կայանալիք համերգների ծրագրում: Շնորհակալական խոսքեր են հնչել ակադեմիայի բարերարների հասցեին, որոնց թվում են՝ «Փյունիկ» հիմնադրամը, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:

2015 ԱՊՐԻԼ 03

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

‹‹Քեզ հետ, Հայաստան›› համերգաշարի ժամանակ մարտի 5-ին Երուսաղեմի «Հենրի Քրաուն» համերգասրահում միջազգային արձագանքը հնչեց Ստեփան Ռոստոմյանի 4-րդ սիմֆոնիայի մասին:

«Սա մի պարգևատրող կատարում էր»։ Փամելա Հիքման Երաժշտագետ, Իսրայել (Սիմֆոնիա թիվ 4-ի մասին)

«Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 4-ը հոյակապ է… մեծարժեք մի երկ է և ներառում է ամենագեղեցիկ ազդակներից, որ ես երբևէ լսել եմ հետերոֆոնիկ հնչյունային ձայնային հյուսվածքներից»։ Դոկտոր Ասաֆ Շելլիգ

2015 ՄԱՐՏ 05

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

2014 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպական փառատոնների ասոցացիան կլոր սեղան քննարկման է հրավիրել փառատոնի առաջնորդներին՝ քննարկելու առաջիկա 5 տարիների մշակույթի և արվեստի բնագավառում իրականացվելիք փառատոնների պլանները։

Փառատոնի ղեկավարներ, ինչպիսիք են՝ պրն․ Այրան Բերգը, տիկին Աննեթ Լեկերկերը, պրն․ Քոլմ Քրոֆֆին, պրն․ Դարկո Բրլեկը, տիկին էսթեր Մեյերը, պրն․ Ֆրանկո Կալաբրատտոն, պրն․ Ֆրանչեսկո Մարիա Պարրոտան, տիկին  Հաննա Ստիմիսդոտիրը, պրն․ Հենդրիկ Ստորմը,պրն․ Ջան Բրիերսը, պրն․ Հյուգո դե Գրիֆը, պրն․ Իբրահիմ Շաֆիքը, պրն․ Ջուրիան Կումիան, տիկին Քրիստինե դե Մուլդերը, պրն․ Մասսիմո Մերչելին, պրն․ Փոլ Դուջարդին, պրն․ Սերժ Պլատելը, տիկին Սոնա Հովհաննիսյանը և տիկին Վերջինիա Փուֆը։

Ներկայացնելով փառատոնները ամբողջ Եվրոպայում, մենք պատրաստ ենք մեր բազմաբնույթ, հարուստ, ամենօրյա փորձը ներդնել համատեղ աշխատանքի մեջ: Արժեք  ստեղծելու խելամիտ և ուժեղ միջոց է միմյանց հետ ստեղծագործություններ կիսելը: Մենք համաձայն ենք ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ հարցերի լայն շրջանակի կարևորության մեջ, առանց որի Եվրոպան չի կարող գործել որպես մշակութային տարածք առանց գեղարվեստական զարգացման, խոսքի ազատության, մշակութային բազմազանության, մշակույթի մատչելիության:

Փառատոնների բոլոր ղեկավարները շարունակում են տքնաջան աշխատել 21-րդ դարում մշակութային կրթություն ստեղծելու համար։Կարևորվում են կենդանի և վիզուալ արվեստները, երկրների միջև համագործակցությունը՝ ստեղծելու ընդհանուր արտադրանք, ընդունել մշակույթը որպես հիմք, քաղաքացիական հավասարությունը, դասընթացները, միջմշակութային հաղորդակցությունը և արվեստագետների ազատ  շարժունությունը, ինչպես նաև միջազգային համագործակցություն։ Փառատոնների եվրոպական ասոցիացիան պարտավորվում է առաջիկա 5 տարիների ընթացքում կանոնավոր երկխոսություն վարել ՝ նախաձեռնելով և վերահսկելով կոնկրետ գործողություններ, այդ թվում՝

  • կանոնավոր զրույցներ քաղաքական ներկայացուցիչների հետ եվրոպական, ազգային և տեղական մակարդակներում մշակութային ոլորտի և դրա սահմաններից դուրս, 
  • «Եվրոպան փառատոնների և փառատոննը Եվրոպայի համար» հարթակը կշարունակի իր գործունեությունը տեղականից մինչ ազգային մակարդակներում իրականացնելով ծրագրեր։
  • Եվրոպական միության ծրագրերի շրջանակներում կֆինանսավորվեն և կիրականացվեն Չինացի ժողովրդի ղեկավարների  գիտելիքների և փորձի փոխանակում  փոխանակում։

Ներդրումներ կկատարվեն Եվրոպական մշակույթի մեջ արժեհամակարգի, ժողովրդավարության, քաղաքացիության և սոցիալան ինտեգրման զարգացման ուղղություններով։

Միասին մենք ձգտում ենք մշակել Եվրոպայի համար մշակութային օրակարգ ` համախմբելով արվեստագետներին մեկ գաղափարի շուրջ։ Մենք կակտիվացնենք մեր կապերը տարբեր պ ոլորտներում, օրինակ ՝ պատասխանատվության, սովցիալան աշխատանքների, քաղաքացիության, մարդու իրավաունքների, քաղաքային և մաչզային զարգացման և վերջինը՝ բհուջեի և տնտեսական գործերի հարցերով։ Մենք անհամբերությամբ  սպասում ենք վերը նշված աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև նոր նախաձեռնություններին, որոնք կմշակվեն հանձնաժողովի և Խորհրդարանի կառավարման ընթացքում:

Մենք անհամբերությամբ  սպասում ենք վերը նշված աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև նոր նախաձեռնություններին, որոնք կմշակվեն հանձնաժողովի և Խորհրդարանի կառավարման ընթացքում:

2014 ԴԵԿՏԵՄԲԵՐ 09

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:

2014 ՍԵՊՏԵՄԲԵՐ 21

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ