2017 թվականի փետրվարի 23-ին Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացավ Եվրոպական միության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչի ամենամյա բացառիկ կլոր սեղանը` Եվրոպայի առաջատար փառատոների ղեկավարների և արվեստի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ: Արդեն չորրորդ անգամ կարևորագույն այս հանդիպմանը հրավիրվում է մասնակցելու նաև «Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Կոմիսար Նավրաչիչն իր խոսքում նշեց, որ Եվրոպայի ամենահզոր ներուժը մշակույթն է, և այն պետք է դրվի Եվրոպայի արտաքին քաղաքականության հիմքում: Այս մոտեցումը կյանքի կոչելու համար կարևոր է լսել հզոր փառատոների գեղարվեստական ղեկավարների կրեատիվ մոտեցումները և առաջարկները: Փառատոների գործունեությունը երկրների կյանքում բերում է կայունություն, փոխընբռնում, տնտեսական առաջընթաց, կրթության և կյանքի որակի աճ: Առանձնահատուկ ծանրակշիռ է փառատոների դիվանագիտական առաքելությունն ու տուրիզմը զարգացնելու անսպառ կարողությունը:
Եվրակոմիսարի կլոր սեղանին ներկա էին Էդինբուրգի 70-ամյա փառատոնի գործադիր տնօրեն Յոհաննա Բեյքերը, Լյուբլիանայի 65-րդ փառատոնի և Եվրոպական փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բռլեքը, Բրյուսելի Բոզաղ արվեստների պալատի գլխավոր տնօրեն Փոլ Դյուջաղդենը, «Ստեղծարար Եվրոպա» դրամաշնորհային ծրագրի ղեկավարներից՝ տիկին Բարբարա Գեսլերը և մեկ այլ տասնյակ կարևոր դերակատարում ունեցող գործիչներ:
Հայաստանը, չլինելով Եվրոմիության անդամ երկիր, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շնորհիվ իր ամբիոնն է ստացել Եվրոպական միության կառավարության շենքում՝ նույն սեղանի շուրջ հավասարը հավասարի նստելով ԵՄ անդամ այլ երկրների հետ: Փառատոնի գործունեությունը Հայաստանը դարձրեց երաժշտական կյանքի բացարձակ առաջատարի՝ ողջ տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում:
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հայկական ջազ, հոգևոր և դասական ժամանակակից երաժշտության կատարողների ելույթները կազմակերպելու համար, ինչպես նաև հայկական կողմի մասնակցության համար` Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվելիք համերգներին:
Բրյուսելում քննարկվեց նաև Պաբլո Պիկասոյի քանդակների և նկարների ցուցահանդեսի՝ Հայաստան տեղափոխման հնարավորությունը:
Նշենք, որ 2015 թ.-ին՝ փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, Եվրակոմիսար Նավրաչիչը հղել էր շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասված էր. «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է, որը Հայաստանը հաստատուն կերպով ամրագրեց Եվրոպայի մշակութային և գեղարվեստական քարտեզի վրա»:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: