YerevanFest Logo

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը նշում է իր 15-ամյա հոբելյանը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը նշում է իր 15-ամյա հոբելյանը

Սիրելի բարեկամներ,

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը նշում է իր 15-ամյա հոբելյանը: Մեր երկրի նորագույն պատմության առաջին փառատոնը դարձավ Հայաստանի այցեքարտերից մեկը, որով ճանաչում և սիրում են մեր երկիրը աշխարհի տարբեր ծագերում:

            Փառատոն, որը ստեղծվել է առաքելությամբ, իրադարձություն, որի հիմքում ընկած է անսահման նվիրումն ու անմնացորդ ծառայությունը Հայրենիքին, երևույթ, որը տեսնում է մարդկության և մեր ազգի Հեռանկարը համերաշխության, միասնության և փոխընբռման մեջ, ինչը խորհրդանշում է փառատոնի տարբերանշանը:

 «Հեռանկարները» փոխեց հայ երաժիշտների կյանքը, բացեց դռներ, ստեղծեց համագործակցության լայն հնարավորություններ, ձևավորեց նոր միջավայր: Բազմահազարանոց ունկնդիրների լսարանը, որը կերտվեց փառատոնի իրադարձային համերգների շուրջ, ևս հպարտության առիթներից է:

            Փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը և հիմնադրի անզիջում որակային քաղաքականությունը դասեցին «Երևանյան հեռանկարները» Եվրոպայի և աշխարհի լավագույն փառատոների շարքին, իսկ մեր երկիրը դարձավ ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրների մեջ երաժշտական կյանքի բացարձակ առաջատարը: Այն նվագախմբերը և մենակատարները, որոնք այցելեցին Հայաստան, բացարձակապես առաջին անգամ էին ներկայանում այս աշխարհամասում` ամենալայն տարածաշրջանային առումով:

            «Երևանյան հեռանկարների» գործունեությունը իր մեծ ազդեցությունն ունի մեր երկրի գրեթե բոլոր ոլորտների վրա. մշակութային և քաղաքական, հասարակական և կրթական, դիվանագիտական և տնտեսական` որպես մշակութային տուրիզմի ամենահզոր խթաններից մեկը:

            Փառատոնի սոցիալական էջերում տեղադրվելու են «Հեռանկաներին» ուղղված շնորհավորական ուղերձները, որոնցից առաջինը ստացվել է Բրյուսելից. Փառատոնին իր տեսաուղերձն է հղել Եվրոպայի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար` Տիբոր Նավրաչիչը:

            «Հեռանկարների» ունկնդիրներն ու երաժշտասերները նույնպես կարող են թողնել իրենց գրառումները Փառատոնի սոցիալական էջերում:

Շնորհակալություն ենք հայտնում այսքան տարիներ միասին լինելու համար: