YerevanFest Logo

«Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի մասնակիցներին

«Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի մասնակիցներին

Հարգելի բարեկամներ,

 

Մեզ բոլորիս կրկին հավաքել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը: Այս անգամ հանդիպման վայրը Եվրոպայի երաժշտական մայրաքաղաք Վիեննան էր՝ իր հիասքանչ Մյուզիքֆերայն համերգասրահով: Համեգաշարի մեկնարկը տրվեց մարտի 5-ին Երուսաղեմում՝ Հենրի Քրաուն դահլիճում՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգով: Դրան հաջորդեցին համերգները Տալինի Սբ. Հովհաննես եկեղեցում (մարտի 12), Բրյուսելի Բոզար համերգասրահում (ապրիլի 26), Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում (մայիսի 26), Լոնդոնի Կադոգան համերգասրահում (հուլիսի 21), Հռոմի Սանտա Չեչիլիա համերգասրահի Սինոպոլի դահլիճում: Համերգներին մասնակցեցին աշխարհի հեղինակավոր երաժշտական կոլեկտիվներ ու մենակատարներ, ինչպես օրինակ Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբն ու «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, Բելգիայի ազգային նվագախումը (դիրժոր Ջորջ Փեհլիվանյան), Մաքսիմ Վենգերովը (ջութակ), Միշա Մայսկին (թավջութակ), Սերգեյ Նակարյակովը (շեփոր), դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր երգչախումբը», Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Պինկաս Ցուկերման), «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Դանիել Հարդինգ) և դաշնակահար Ալեսսանդրո Տավերնան: Համերգաշարի ընթացքում հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի և Մաքս Բրուխի, Ֆրեդերիկ Շոպենի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Մեծն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի,

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Սիրելի բարեկամներ, սա համերգաշարի վերջին, թվով 7-րդ համերգն է, որին կրկին մասնակցում են անվանի երաժիշտ կատարողներ և նվագախմբեր. Միշա Մայսկի (թավջութակ), Լիլի Մայսկի (դաշնամուր), Սաշա Մայսկի (ջութակ), Կամերատա Զալցբուրգ (դիրիժոր Ջորջ Փեհլիվանյան), Զալցբուրգի Բախի երգչախումբ, հայ անվանի մենակատարներ Լիաննա Հարությունյան (սոպրանո), Վարդուհի Խաչատրյան (ալտ), Հովհաննես Այվազյան (տենոր), Բարսեղ Թումանյան (բաս), Էմանուել Ճգնավորյան (ջութակ), Նարե Արղամանյան (դաշնամուր): Կցանկանայի շնորհակալության խոսքեր ուղղել համերգաշարի բոլոր մասնակիցներին՝ նախագծին մասնակցելու համար: Այն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ստեղծագործական մտավորականությունը, աշխարհի առաջադեմ հանրությունը դեմ է բռնության ցանկացած դրսևորման և պատրաստ է միասնաբար հանդես գալ մեր երկիր մոլորակում խաղաղության պահպանման համար: Համերգաշարը մշակութային երկխոսության յուրօրինակ կամուրջ դարձավ, որը, կարծում եմ, կունենա իր արժանի շարունակությունը այլ ծրագրերում, այլ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ բոլորիդ բարօրություն և կապույտ երկինք:

Թող երաժշտությունը մշտապես թևածի Ձեր սրտերում և ջերմացնի Ձեր սրտերը:

ՀՀ մշակույթի նախարար` Հ. Պողոսյան