YerevanFest Logo

Միջազգային կոնֆերանս նվիրված Յունեսկոյի 70ամյակին հուլիսի 11-13, Երևան

Միջազգային կոնֆերանս նվիրված Յունեսկոյի 70ամյակին հուլիսի 11-13, Երևան

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, ձերդ գերազանցություններ,

 

Հայաստանի պատմության մեջ բեկումնային եղավ խորհրդային միության փլուզումը: Այն իր հետ բերեց ենթակառուցվածքների և մտածողության կորդինալ փոփոխություններ: Նախկին տարիների կոնցեպցիաները որոշ դրական, բայց նաև բացասական դրսևորումներով, ենթադրում էին արվեստի զարգացումը անհատ մարդկանց կողմից նախապատրաստված հունով և սահմանափակ հորիզոնով՝ անհաղորդ համաշխարհային մշակութային համակարգին:

Համակարգի փլուզումից հետո բացվեցին հնարավորություններ` շփման և համագործակցության համար, սակայն միևնույն ժամանակ բարդ էր, որովհետև բաց էր ճանապարհը և դժվարին՝ խնդիրը ինտեգրման արդեն հարյուրամյա փորձ և լայն հնարավորություններ ունեցող երկրների հետ:

Մեր առջև դրվեց գրեթե անհնարին թվացող մի նպատակ և ցանկություն` այն էր, շատ կարճ ժամանակում ինտեգրվել և վերացնել այդ ահռելի բարիերը: Եվ ոչ միայն դա, այլ հավասարազոր երաժշտական կյանքի որակ ապահովել Երևանում՝ դառնալով համաշխարհային քարտեզի վրա հայտնի երաժշտական մշակույթի և կրթության կենտրոններից մեկը:

Հայաստանը հազարամյակների պատմության ընթացքում եղել է բարձրագույն մշակութային արժեքների կրողն ու ստեղծողը, և երկրի վայելուչ ներկայությունն ու ներդրումը չեր կարող ավելի պակաս լինել 21-րդ դարի արդի երաժշտական կյանքում:

Հիմնադրվեց ‹‹Քսանմեկի հեռանկարներ›› անունը կրող երաժշտական փառատոնը` դառնալով Հայաստանի նորագույն պատմության առաջին արվեստի փառատոն: Քսանմեկը` դարաշրջանն է, իսկ հեռանկարները` այն, որ մարդկության ապագան նոր դարաշրջանում մենք տեսնում ենք միայն մշակութային ինտեգրման և առանց սահմանների համագործակցության մեջ` հիմնված համամարդկային արժեքների վրա:

‹‹Քսանմեկի հեռանկարներ››-ը, տաս տարի անց վերանվանվելով ‹‹Երևանյան հեռանկարներ››-ի, համարվեց Եվրոպայի և ողջ աշխարհի լավագույն փառատոներից մեկը, որի գեղարվեստական որակը ոչ միայն տպավորիչ էր, այլև՝ զարմանալի. փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես եկան և, ընդհանրապես, այս տարածաշրջան երբևէ առաջին անգամ այցելեցին մեր օրերի գրեթե բոլոր առաջատար նվագախմբերը և մենակատարները, որոնց թվում են Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Ամստերդամի թագավորական Կոնցերգեբաու նվագախմբերը, Բեռլինի պետական նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժորներ Լորին Մաազելը, Դանիել Բարենբոյմը, Վալերի Գերգիևը, Մայքլ Թիլսոն Թոմասը, նաև Պինկաս Ցուկերմանը, Պլասիդո Դոմինգոն, Քշիշտոֆ Պենդերեցկին, մենակատարներ` Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Եֆիմ Բրոնֆմանը, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Քրոնոս, Տոկիո, Հագեն քառյակները այլ լավագույն մենակատարների, երգչախմբերի, լարային կվարտետների, անսամբլների և նվագախմբերի շարքում:

 

‹‹Երևանյան հեռանկարներ››-ը 2009 թվականից անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Այսօր, երբ արդեն 16 տարի է անցել անհավանական թվացող գաղափարն իրականացնելուց, տեսանելի է անջրպետի վերացումը: Այժմ մենք վայելում ենք մշակութային քաղաքականության հզոր հնարավորությունների արդյունքները, որոնք շատ անգամ առավել արդյունավետ են, քան քաղաքական բանակցությունները: Ուստի, կոնֆերանսի կարգախոսը` ‹‹Մշակութային քաղաքականություն, քաղաքականությունը մշակույթի համար››, կարելի է վստահորեն շարունակել ասելով` ‹‹Մշակույթը քաղաքականության համար››: Փառատոնը 2007 թվականից հանդիսանում է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ, որը հայտնի է իր լայնածավալ միջազգային գործունեությամբ: Ասոցիացիան համախմբել է շուրջ հարյուր առաջատար փառատոների, որոնց գործունեության արդյունքում Եվրոպան շարունակում է հպարտորեն կրել ‹‹Եվրոպան մշակութային կառույց է›› նշանաբանը:

Արդեն երկու տարի ի վեր` փառատոնն իր աթոռն ունի Բրյուսելում տեղի ունեցող կլոր սեղանի շուրջ` կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով եվրակոմիսարի և մեկ տասնյակ առաջատար փառատոների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու մշակութային քաղաքականության հարցերը` ի շահ մշակութային, կրթական, հասարակական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների զարգացման: Մշակույթն է ստեղծում կիրթ միջավայր` նոր սերնդի լիդերների ծնունդի համար և տնտեսական չափանիշներից առավել մշակութային հզորությամբ է կերտվում երկրի միջազգային հեղինակությունը:

Խոշոր փառատոներին բնորոշ՝ ‹‹Երևանյան հեռանկարներ››-ը բացեց փառատոնի ակադեմիան՝ Երևանից շուրջ 33 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտներին գտնվող Բյուրական համայնքում: Այստեղ դասավանդելու են մոլորակի ամենաանվանի երաժիշտ-դասախոսները: Այն յուրահատուկ շփման վայր է երիտասարդ, նաև կայացած երաժիշտների և ստեղծագործող արվեստագետների համար: Միջազգային նշանակության այս կառույցը միակն է տարածաշրջանում: Այն միջազգային բարձր որակի երաժշտական կրթության և կարիերայի առաջընթացի հնարավորություններ կստեղծի խոստումնալից երիտասարդների համար աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակից տաղանդաշատ գործընկերների և աշխարհահռչակ երաժիշտների հետ սերտ շփման և համատեղ աշխատանքի արդյունքում: Առանձնահատուկ գոհունակությամբ ենք նշում այն, որ փառատոնի ակադեմիայի կայացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը Փյունիկ հիմնադրամի հետ համատեղ: Առաջիկայում կձևվավորվի նաև փառատոնային ակադեմիայի նվագախումբը միջազգային կազմով` անվանի դիրիժորների ղեկավարությամբ և կբացվի 1000 տեղ ունեցող նոր համերգասրահը: Բյուրականը ինքնին ակադեմիական և հոգևոր կրթության համար իդեալական վայր է. այստեղ է գործում հայտնի աստղաֆիզիակական աստղադիտարանը, կան 4-րդ դարից սկիզբ առնող բազմաթիվ սրբավայրեր, Հայոց կաթողիկոսների ամառային նստավայր և հնագույն եկեղեցիներ:

Փառատոնի այս տարվա՝ 16-րդ թողարկման ծրագիրը ևս տպավորիչ է. Հայաստանում հանդես են եկել Եվգենի Կիսինը, աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան, անվանի բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, ամերիկյան լեգենդար Քրոնոս քառյակը: Առաջիկայում Հայաստան կժամանի Իսրայելի ֆիլհարմոնիկ

նվագախումբը` երաժշտական տնօրեն և դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ, Միշա Մայսկին, Մարթա Արգերիխը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Academy of Saint Martin in the Fields նվագախումբը` Ջոշուա Բելի հետ:

Մշակութային բարձր արժեքների և ապագայի ծրագրերի մասին խոսելիս չենք կարող չհիշատակել, որ 2015 թվականը Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին է, որը արդեն հստակ դիրքորոշում է պահանջվում բոլորից: Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը բնորոշ է քաղաքակիրթ և առաջադեմ մարդկությանը: Փառատոնի մեծ հեղինակությունը առիթ հանդիսացավ, որ աշխարհի ամենահեղինակավոր բեմերից, աշխարհահռչակ երաժիշտները հիշատակի համերգներ կազմակերպեն տարելիցի առիթով: Մեգա աստղեր Եվգենի Կիսինը, Մաքսիվ Վենգերովը, Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Միշա Մայսկին, առաջատար նվագախմբեր, դիրիժորներ և մենակատարներ, Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում, Բրյուսելի Բոզարում, Վիեննայի Մյուզիքվերայնում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Երուսաղեմում, Լոնդոնում, Հռոմում և այլուր ասում են. ‹‹Քեզ, հետ Հայաստան››: Ավելի հստակ ասում են, որ արդարության, խաղաղության և թշնամության վերացման կողքին են: Մեր փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի դիրքորոշումն է, որ չկան լավ կամ վատ ազգեր, այլ կան չարությամբ լցված և մարդատյաց առաջնորդներ, որոնք իրականցում են այդ սարսափելի ոճիրները: Խաղաղության գրավականը` դա նախկինում գործած սխալների ընդունելն ու ճանաչելն է:

‹‹Երևանյան հեռանկարներ›› փառատոնը, հանդիսանալով կամուրջ այլ երկրների առաջատար մշակութային գործիչների և կազմակերպությունների միջև, համատեղ աշխատանքի շնորհիվ ջանում է փոխանցել միջազգային հանրությանը հողարդագրություն, որ մարդկության ապագան խաղաղ գոյատևման, հանդուրժողականության և համագործակցության մեջ է, իսկ ամենահզոր միջոցը գաղափարը կյանքի կոչելու համար` մշակութային դիվանագիտությունն է: Երևի թե քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում երբևէ մշակութային դիվանագիտության դերը այդքան կարևոր և կենսական չի եղել մեր կյանքում, որքան այսօր:

Այս տարվա հունիսին Չեխիայի Օստրավայում կայացած Եվրոպական փառատոնային ասոցիացիայի գագաթնաժողովին ընդունվեց մի կարգախոս. այսպիսի ասացվածք կա. ‹‹Դու այն ես ինչ, ուտում ես››: Գեղարվեստական ձևաչափ տեղափոխելով այն՝ կարծում ենք, որ ստեղծագործելը կերակուր է հոգու համար և լավագույն ձևը ասելու, թե ով ես դու և ինչն է թանկ քեզ համար` դա արտիստիկ նպատակները ներկայացնելն է, որոնց միջոցով ուրախությամբ լինում ես աշխարհի մի մասնիկը:

Մենք սիրով ողջունում ենք Յունեսկոյի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված այս կոնֆերանսի մասնակցիներին և հույս հայտնում, որ այսուհետ առավել մեծ թափ կստանա Հայաստանի և Յունեսկոյի գաղափարական արժեքները կիսող երկրների միջև համագործակցությունը: