YerevanFest Logo

Պատմություն և առաքելություն



«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը երաժշտության և արվեստի միջազգային փառատոն է, որը հիմնադրվել է 2000 թ.-ին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի կողմից: Բարձրագույն գեղարվեստական որակի և տևականության շնորհիվ 2007 թ.-ին փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ, իսկ 2014 թ.-ից համարվում է Եվրոպայի լավագույն տասը փառատոներից մեկը:

«Երևանյան Հեռանկարներ» փառատոնը նոր էջ է բացել հայկական մշակութային իրականության մեջ՝ նշանակալի ազդեցություն ունենալով երկրի կենսական կարևորություն ունեցող մշակութային, կրթական, դիվանագիտական և հասարակական մի շարք ոլորտների վրա: Հայաստան ժամանած մեր օրերի մեգա-աստղերի և աշխարհի լավագույն նվագախմբերի այցերը Հայաստան պատմական և ակնհայտ հետք են թողել: Վերջիններիս շարքին են դասվում Վիեննայի ֆիլհարմոնիկ և Բեռլինի պետական, Թագավորական Կոնցերտգեբաու և Իսրայելի ֆիլհարմոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերը` լեգենդար դիրիժորներ Դանիել Բարենբոյմի, Զուբին Մեթայի, Լորին Մաազելի, Վալերի Գերգիևի, Քրիստոֆ Էշենբախի, Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, մենակատարներ Պինխաս Ցուկերմանը, Էվգենի Կիսինը, Իվո Պոգորելիչը, Սըր Անդրաս Շիֆը, Մաքսիմ Վենգերովը, Յեֆիմ Բրոնֆմանը, Ջոշուա Բելը, Միխայիլ Պլետնյովը, Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Ռենե Ֆլեմինգը, Դիմիտրի Խվորոստովսկին: Փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ երաժիշտների տարվա երեք սեզոնների ընթացքում՝ գարուն, ամառ և աշուն: Ջազի լեգենդներ Ջորջ Բենսոնը, Էլ Ջերոն, կատարողներ Ջո Քեքերը, Լարա Ֆաբիանը, Պատրիսիա Կաասը, Գորան Բրեգովիչը ևս հյուրընկալվել էին Փառատոնի կողմից: «Հեռանկարներն» իրականացրել է տասնյակ վարպետության դասեր և համերգներ ՀՀ տարբեր մարզերում: Կարևորագույն հեղինակային ծրագրերից է ապրող մեծ կոմպոզիտորների օրերը, որի շրջանակներում Հայաստան են այցելել Պենդերեցկին, Շչեդրինը, Կանչելին, Գուբայդուլինան, Կուտավիչուսը: Ի լրումն փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանող ականավոր երաժիշտների և հասարակական գործիչների այցերի՝ մեր երկիրը ձեռք է բերել հզոր ընկերներ, որոնք շարունակաբար իրենց ծառայությունն են բերում հայ երաժիշտների միջազգային առաջխաղացման, հայ մշակույթի միջազգային հանրահռչակման և մեր երկրի հեղինակության բարձրացման գործընթացներում:

2015 թ.-ին փառատոնի կողմից բացվեց Բյուրական արվեստի ակադեմիան, որտեղ հայտնի երաժիշտները անցկացնում են վարպետաց դասեր, իրականացվում են տարբեր հանդիպումներ, համերգներ, «Փառատոնային ընթերցումներ» և այլ միջոցառումներ: 2008 թ.-ից «Հեռանկարներն» անցկացվել է ՀՀ Վարչապետ, այնուհետև` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: 2018 թ.-ի մայիսից փառատոնն անցկացվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: