YerevanFest Logo

Կրթական Ծրագրեր

«Երևանյան հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնի կողմից 2015 թվականի ապրիլի 3-ին բացվեց Բյուրականի արվեստի ակադեմիան։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը, տարածքային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ: Այս յուրահատուկ կառույցի առաքելությունն է նպաստել երիտասարդ և կայացած հայ երաժիշտների, ինչպես նաև` արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչների և իրենց օտարերկյա գործընկերների հետ սերտ համագործակցության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ստեղծմանը և Հայաստանում արվեստի զարգացման խթանմանը: Ակադեմիայում անցկացվում են հայ մտավորականների հանդիպումներ և քննարկումներ` արդի կարևորության թեմաներով, անցկացվում են վարպետության դասընթացներ, համերգներ, շնորհանդեսներ և ցուցադրումներ` բոլոր արվեստագետների համար: Կառույցն իր տեսակով միակն է նաև ողջ տարածաշրջանում և աշխարհի մի քանի հանրահայտ փառատոների ակադեմիաներից է, որոնց միավորում է երիտասարդ սերնդի երաժիշտ-կատարողներին բարձրակարգ երաժշտական մասնագիտական հմտությունների փոխանցման և միջազգային հռչակ ունեցող երաժիշտների հետ համատեղ արվեստի կերտման գաղափարը՝ հատուկ միջավայրում:

Ակադեմիայում արդեն տեղի են ունեցել մի շարք կարևոր միջոցառումներ` երաժշտության, կինոյի, թատրոնի, գրականության և գեղանկարչության հայ մտավորականության ականավոր ներկայացուցիչների մասնակցությամբ: